17 փետրվարի 2016 - 12:25 AMT
Ստամբուլում քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին

Փետրվարի 16-ին Ստամբուլում քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմի անդամներին և երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը:

Ինչպես գրում է Lifenews-ը, թիմն ու երկրպագուներն ընթանում էին մոտ 100 ոստիկանի ուղեկցությամբ: Սակայն դա չօգնեց. մարզադաշտի մոտակայքում ավտոբուսը քարկոծեցին: Դա տևել է մոտ 20 վայրկյան: Հետո ոստիկանները դուրս եկան մեքենաներից և կասեցրին խուլիգանների գործողությունները:

Փետրվարի 16-ին Ստամբուլում Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում տեղի է ունեցել մոսկովյան «Լոկոմոտիվի» և թուրքական «Ֆեներբախչեի» հանդիպումը: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Երկու գնդակ է խփել թուրքական ակումբի ավագ Ժոզեֆ Սոուզան, որն աչքի ընկավ 18-րդ և 72-րդ րոպեներին:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ կառավարությունն արգելել է շարք ապրանքների և գյուղմթերքի ներմուծումը Թուրքիայից: