17 փետրվարի 2016 - 11:46 AMT
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Մարտակերտի ուղղությամբ

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միջնորդները Ադրբեջան են մեկնել 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության՝ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից:

Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:

«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է»,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ուորլիքի գրառմանը արձագանքել է ԼՂՀ վարչապետի մամուլիս խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական կողմն է կրակել միջնորդների ուղղությամբ, և սա առաջին դեպքը չէ: Հուսով եմ՝ միջնորդները չեն խուսափի ճշմարտությունը ասելուց», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: