Այժմ, երբ Միացյալ Նահանգների երկու հիմնական կուսակցությունը սկսել է նախնական ընտրություններ անցկացնել՝ 2016-ի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ներկայացուցիչներին որոշելու համար, ամերիկահայերը փորձում են կողմնորոշվել, թե ութ թեկնածուից ում քվե տան:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն առաջարկում է, որպեսզի հայերն այսուհետ ձեռնպահ մնան նախագահի թեկնածուներին հարցնելուց, թե արդյոք ընտրվելու դեպքում նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Գոյություն ունի երկու խնդիր կապված նման հարցադրման հետ.
1. Հայերը նախորդ հիասթափեցնող փորձերից պետք է իմանան, որ չեն կարող վստահել թեկնածուներից շատերի տված խոստումներին:
2. Կարիք չկա նման խոստում խնդրել, քանի որ Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է ԱՄՆ կառավարության տարբեր ճյուղերի կողմից երկար տարիներ առաջ.
ա) 1951-ին պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել Միջազգային դատարան ԱՄՆ կառավարության կողմից.
բ) 1975 և 1984-ին բանաձևեր են ընդունվել Ներկայացուցիչների պալատի կողմից.
գ) 1981-ի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագիրը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը:
Ավելին, ցեղասպանության ճանաչման շարունակական հետապնդումը, երբ այն արդեն ճանաչված է, կարող է պարզապես կասկածի տակ դնել դրա հավաստիությունը:
Ըստ Սասունյանի, դրա փոխարեն, ամերիկահայերը պետք է հետաքրքրվեն նախագահի թեկնածուների դիրքորոշումների մասին ավելի անմիջական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝
1) Ավելի շատ արտաքին օգնության հատկացում Հայաստանին և Արցախին.
2) ԱՄՆ առևտրի խթանում Հայաստանի հետ.
3) Ճնշումներ Թուրքիայի վրա Հայաստանի շրջափակումը վերացնելու համար.
4) Պահանջել, որ Թուրքիան վերադարձնի առգրավված հայկական եկեղեցիները Պոլսո Հայոց պատրիարքարանին.
5) Դատապարտել Ադրբեջանին՝ նրա բազմաթիվ սպառնալիքների և Հայաստանի ու Արցախի վրա հարցակումների համար.
6) Աջակցություն Արցախի անկախությանը:
Հրատարակիչն ընդգծում է, որ ընտրվելուց հետո նախագահը կցանկանա բավարարել այս պահանջներից մի քանիսը՝ պահպանելու համար հայ համայնքի աջակցությունը իր վերընտրության հետագա քարոզարշավի ընթացքում:
Սասունյանը ստորև ներկայացնում է նախագահի բոլոր վեց հանրապետական թեկնածուի դիրքորոշումները հայկական հարցերի վերաբերյալ.
Նահանգապետ Ջեբ Բուշ (Ֆլոր
- 1988 թ. դեկտեմբերի 24-ին, երկրաշարժից անմիջապես հետո, նա որդու հետ մեկնել է Հայաստան մարդասիրական առաքելությամբ.
- 2006 թ.ապրիլի 7-ին հրապարակել է հռչակագիր Հայոց ցեղասպանության մասին.
- 2013 թ. ստացել է «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմից:
Նահանգապետ Ջոն Կասիչ (Օհայո)
- Ստացել է վատ վարկանիշներ (C, D և F) Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնավարման մեծ մասի ընթացքում, 1983-2001 թվականերին.
- 1991 թ. ստորագրել է Արցախի անկախությանն աջակցող նամակ՝ ուղղված նախագահ Բուշին և խորհրդային ղեկավար Միխայիլ Գորբաչովին.
- 2000 թ. համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը.
- 2012 թ. որպես նահանգապետ հռչակագիր է ստորագրել Հայաստանի անկախության օրվա առիթով:
Սենատոր Թեդ Քրուզ (Տեխաս)
- 2014 թ. ստացել է միջակ վարկանիշ (C) Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից.
- 2015 թ. հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ և համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը.
Սենատոր Մարկո Ռուբիո (Ֆլորիդա)
- 2012 և 2014 թթ. համապատասխանաբար ստացել է C և B վարկանիշներ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից.
- 2014 թ. կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում.
- 2015 թ. համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը.
- 2015 թ. ստորագրել է նախագահ Օբամային հղված նամակ՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Գործարար Դոնալդ Թրամփ(Նյու Յորք). հայկական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չունի:
Նյարդավիրաբույժ Բեն Կարսոն (Միչիգան). հայկական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չունի:
Ստորև ներկայացված են նախագահի երկու դեմոկրատ թեկնածուի դիրքորոշումները հայկական հարցերի վերաբերյալ.
Պետքարտուղար Հիլարի Քլինթոն (Նյու Յորք)
- Որպես սենատոր ստորագրել է նախագահ Բուշին ուղղված նամակ՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2005 և 2006 թվականներին.
- Համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը 2006 և 2007 թվականներին.
- 2008 թ. որպես նախագահի թեկնածու խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը.
- Ավելի ուշ 2008 թ. Նյու Յորքում ելույթ է ունեցել թուրքական մշակութային կենտրոնի հանդիսավոր ճաշկերույթում, այն ժամանակվա վարչապետ Էրդողանի ներկայությամբ.
- 2010 թ. պաշտոնական այցով Երևանում գտնվելու ժամանակ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին, որը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անվանեց «մասնավոր» քայլ՝ չնայած ժապավենի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնից».
- 2012 թ. որպես ԱՄՆ պետքարտուղար հիշատակել է Հայոց ցեղասպանությունը որպես «պատմական բանավեճի նյութ»՝ հակասելով ավելի վաղ իր հստակ դիրքորոշմանը այս կարևոր հարցում:
Սենատոր Բեռնի Սանդերս (Վերմոնտ)
- 2012 և 2014 թվականներին ստացել է համապատասխանաբար A+ և C վարկանիշներ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից.
- 1991-2007 թթ. Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնավարման ընթացքում նա աջակցել է տարբեր հայկական հարցերի, ներառյալ Ցեղասպանության մասին բանաձևերին՝ 1996, 1997 և 2000 թվականներին.
- 2002, 2003 և 2004 թթ. ստորագրել է նախագահ Բուշին հղված նամակները՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը.
- 2012 թ. որպես սենատոր համահովանավորել է երկու բանաձև՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից հայկական եկեղեցիների վերադարձի վերաբերյալ:
Նախնական ընտրությունների և հարցախույզերի արդյունքները ցույց են տալիս, որ երկու կուսակցությունների թեկնածուներից ոչ մեկը ճնշող մեծամասնություն չունի ներկայումս և հավանաբար նոյեմբերի ընտրություններին, ինչը որ խրախուսելու է թեկնածուներին ավելի զիջողական լինել բոլոր ընտրողների, այդ թվում՝ ամերիկահայերի հանդեպ:
Այս պայմաններում, Սասունյանի առաջարկն է ամերիկահայ համայնքին՝ զերծ մնալ որևէ թեկնածուին վաղօրոք աջակցելուց: Որևէ մեկին զորակցելու որոշումը կարելի է կայացնել ավելի ուշ, քանի որ նախագահական ընտրապայքարն ավելի կթեժանա, իսկ թեկնածուներն ավելի խիստ կարիք կունենան մեր քվեների:
Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահության թեկնածու, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ հաստատվի Սպիտակ տանը: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:
Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: