Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբը փետրվարի 17-ին այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր ստացած առաջին ընկերության արտադրական ծավալներին:
GMP հավաստագրի ստացումը «Լիկվոր» ընկերությանը թույլ է տվել մեծացնել ընկերության արտահանման ծավալները 10-15 տոկոսով: Ընկերությունն արտահանում է արտադրանքի 70%-ը:
Իրանից ժամանած պատվիրակության անդամներն պատրաստակամություն են հայտնել գործակցել Հայաստանի հետ նաև դեղագործության ոլորտում: Իրանական կողմն իր գոհունակությունն է հայտնել մեր երկրում դեղերի որակի վերահսկումից և արտահանման հնարավորություններից:
Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:
Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով փետրվարի 16-ին Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հայաստան է ժամանել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին` նշել է, որ Հայաստանը և Իրանը հաջողությամբ համագործակցում են նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, հայտնում է առողջապահության մամուլի ծառայությունը:
2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նպաստում է Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության առողջության բարելավմանը:
Կարդացեք նաև՝ Իրանի մասնավոր հատվածը հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ