17 փետրվարի 2016 - 18:35 AMT
Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումն ընդգրկվելու է Գերմանիայի ուսուցչական ուղեցույցում

Երբ 2005-ին «Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտ»-ը (IDG-Institute of Diaspora and Genocide Studies) իր տնօրեն՝ Միհրան Դաբաղի նախաձեռնությամբ հրատարակել է «Դպրոցներում 20-րդ դարի ցեղասպանությունների և պետական ոճիռների դասավանդումը» խորագրով ուսուցչական ուղեցույց, դա գրավել է հանրության ուշադրությունը:

Երբ այդ հրատարակության մեջ Հայոց ցեղասպանության դասավանդման մասին գլուխ է ընդգրկվել, Գերմանիայում Թուրքիայի դեսպանատունը միջամտել է, բայց վերջինիս ջանքերը ապարդյուն են եղել և ուղեցույցն այնքան մեծ ուշադրության է արժանացել, որ առաջին հրատարակությունը շատ կարճ ժամանակում սպառվել է, գրում է Horizonweekly-ն:

Այժմ ինստիտուտը ցեղասպանությունների մասին այլ ուղեցույց է պատրաստել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարարության պատվերով, դպրոցների որակավորման և ուսուցիչների վերապաըրաստման կենտրոնի հետ գործակցությամբ: Ուղեցույցը կրելու է «Ցեղասպանության դասավանդումը դպրոցներում» անվանումը:

Ուղեցույցն ընդգրկելու է այս թեմայով տարված վերջին հետազոտական աշխատանքները:

«Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտ»-ը հիմնվել է 1994-ին: Այն Գերմանիայում միակ կենտրոնն է, որը զբաղվում է ցեղասպանագիտությամբ:

Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 21-ին ՔԴԴ/ՔՍԴ խմբակցությունների նիստի ընթացքում հայտնել էր, որ աջակցում է այն դիրքորոշմանը, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանումների առնչությամբ կարելի է կիրառել ցեղասպանություն տերմինը: Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն էր հայտնել, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա