Թուրքիայի Դիարբեքիր գավառում պայթյուն է տեղի ունեցել զինվորական շարասյան ճանապարհին, կան զոհեր և վիրավորներ: Այդ մասին հայտնել է Haberturk-ը ռազմական աղբյուրների վրա հղումով: Reuters-ն իր աղբյուրների վրա հղումով հայտնում է 7 զոհի մասին:
Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները թուրք զինվորականների վրա հղումով հայտնեցին, որ պայթյունի հետևանքով 6 զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է: Այդ տեղեկություններն է ներկայացրել նաև NTV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Լիջե քաղաքի մոտ, պատահարի վայր են ժամանել «շտապ օգնության» մեքենաներ և մեծաքանակ ուժայիններ, որոնք հակաահաբեկչական գործողություն են սկսել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները:
Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 850 քուրդ գրոհային: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: