19 փետրվարի 2016 - 15:28 AMT
Գերմանիայի խորհրդարանը կրկին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» (Die Linke) և «Կանաչների» (Die Grüne) կուսակցությունները: Փետրվարի 24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կտրամադրվի 38 րոպե, թուրքական Gerçekgündem.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

2015-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մասին:

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015թ. մարտին հետևյալ հայտարարությունն էր արել. «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածւ ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Իսկ «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, հիշեցնելով, որ հայոց զանգվածային ջարդերը ցեղասպանություն են որակել և Գերմանիայի նախագահը, և խորհրդարանի նախագահը, նշել է.

«Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինվորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանյան կայսրությունը: Հետևաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն, թե ումից է ցանկանում օրինակ վերցնել»:

Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 21-ին ՔԴԴ/ՔՍԴ խմբակցությունների նիստի ընթացքում հայտնել էր, որ աջակցում է այն դիրքորոշմանը, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանումների առնչությամբ կարելի է կիրառել ցեղասպանություն տերմինը: Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն էր հայտնել, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա:

Կարդացեք նաև՝ Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումն ընդգրկվելու է Գերմանիայի ուսուցչական ուղեցույցում