19 փետրվարի 2016 - 17:57 AMT
Առաջին անգամ ՀՀ ծամրամարտի կանանց ամբողջ հավաքականը կմասնակցի ԵԱ-ին

Ծանրամարտի Եվրոպայի 2016-ի առաջնությանը, որը կայանալու է Նորվեգիայի Ֆորդե քաղաքում, Հայաստանի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ամբողջ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

«Այս տարի առաջին անգամ ամբողջ կազմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հույս ունենք, որ թիմային հաշվարկով բարձր հորիզոնականներ կզբաղեցնենք»,- ասել է ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի առաջնության արդյունքներից գոհ է, չնայած որ մասնակիցների թիվը սակավ էր:

«Պետք է մեծ ուշադրություն դարձնել մեր երկրում կանանց ծանրամարտի զարգացմանը: Ցավոք, եկող սերունդ չունենք: Դա մեծ խնդիր է: Ներկայիս հավաքականը կայուն է, սակայն պետք է մտածել սերնդափոխության մասին ևս», - ասել է մարզիչը:

Այսպիսով, Ֆորդեում Հայաստանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) Արփինե Դալալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 8-16-ը: