20 փետրվարի 2016 - 13:51 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 6000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 6000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17, ՌՊԳ-7 ու ԳՊ-25 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: