Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան համալրվում է չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով (4 միավոր), արդիականացված ՄիԳ-29Ս-ով և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռով, որոնք ենթարկվել են հիմնանորոգման: Առաջիկա օրերին ավիատեխնիկան ռազմատրանսպորտային ավիացիայի օգնությամբ Կրասնոդարի մարզից կտեղափոխվի Երևան:
Առաջիկայում 4+ սերնդի ճակատային կործանիչները և Մի-8ՄՏ ուղղաթիռը կհավաքվեն միավորման ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից և կգործարկվեն: Միավորման օդաչուները կսկսեն ՄիԳ-29 կործանիչների փորձարկումները մարտի կեսից, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:
ՄիԳ-29Ս հիմնական տարբերությունն այն է, որ նրա վառելիքի բակը 240 լ ավելի շատ վառելիք է տանում, այն հագեցած է օդաչուի կատապուլտի համար նախատեսված արդիականացված նստատեղով, մարտական բեռնվածությունը հասցված է 4 հազար կգ, արդիականացված է նաև ռադիոտեղորոշիչ սարքը:
Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ ավիաբազայի ինժեներատեխնիկական կազմը սկսել է պատրաստել հատուկ հագեցվածության կայանատեղիներ նոր ավիացիոն տեխնիկայի համար, այդ թվում հատուկ հավաքվող-ապամոնտաժվող մոդուլներ ինքնաթիռների և ուղղաթիռների համար:
2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել: