22 հունվարի 2007 - 16:50 AMT
Դինքի սպանությունն ապացուցում է, որ Թուրքիան պատրաստ չէ վերանայելու իր պատմության մութ էջերը
Լայն ռուսական հանրության անունից դատապարտում ենք Ստամբուլում հայկական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միության, Ռուս-հայկական համագործակցության եւ «Արարատ» մշակութային-լուսավորչական միության համատեղ հայտարարության մեջ, որը ստացել է PanARMENIAN.Net-ը:

«Գտնում ենք, որ սպանությունը հնարավոր դարձավ իր կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մերժման Թուրքիայի պետական քաղաքականության, թուրքական հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելության համակարգված բորբոքման, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքի ոտնահարման պատճառով: Սպանությունը դարձավ այլախոհության համար Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայ լրագրողի նկատմամբ թուրքական կառավարության անընդհատ քաղաքական հալածանքների շղթայի բարբարոսական ավարտը: Հրանտ Դինքի սպանության քաղաքական մոտիվը դարձավ այն բանի հերթական ապացույցը, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ իր պատմության մութ էջերի վերանայմանը եւ այդպիսով քաղաքակիրթ պետությունների շարքում իր տեղը գրավելուն»,- ընդգծվում է փաստաթղթում: