26 փետրվարի 2016 - 14:58 AMT
Ամերիկացի գեներալ. ՌԴ-ն օգտագործում է Ղարաբաղը տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար

Ռուսաստանն օգտագործում է չկարգավորված հակամարտությունները, ինչպես օրինակ Ղարաբաղը, որպես արտաքին և տարածաշրջանային քաղաքականության գործիք` պահպանելու համար իր ազդեցությունը տարածաշրջանում: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

Ըստ նրա, Մոսկվան փաստացի ուժեղացրել է անկայունությունը տարածաշրջանում` զենք ծախելով Ադրբեջանին և զինվորական ներկայությունը պահպանելով Հայաստանում: Այդպիսի քաղաքականությունն այսօր, գուցե, ամենամեծ խոչընդոտն է Կովկասում խաղաղության հաստատման համար: «Իրականում, բռնությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շատ է սաստկացել վերջին երկու տարում, իսկ 2015-ն ամենամահաբերն էր 1994 թ. հրադադարը կնքելուց ի վեր»,-ասել է Բրիդլավը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում, հայտնում է Turan-ը:

Նա ասել է, որ «Ռուսաստանն օգտագործում է Ղարաբաղն ու այլ սառեցված հակամարտությունները, հակամարտության մեկ մի կողմին սատարելով, մեկ մյուսին, հարձակվում է իր մոտակա հարևանների վրա, խախտելով նրանց ինքնիշխանությունը, հակառակ Մոսկվայի նախկին պայմանավորվածություններին և միջազգային կարգի համաձայնեցված պայմաններին…Ռուսաստանը մտադիր է վերանայել այդ կանոնները»:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափփերն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի մեկ այլ կոմիտեում, նշել է, որ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր է մնում «ռազմական հզորության կայուն ավելացման պատճառով, Ադրբեջանում տնտեսական պայմանների վատթարացման հետ մեկտեղ»: «Դա բարձրացնում է հակամարտության վերսկսման հավանականությունը 2016-ին»,-ասել է նա:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ստոլտենբերգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։

«Ես կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կողմերը կամք և զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից»,- ասել է Ստոլտենբերգը

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան ի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։