26 փետրվարի 2016 - 15:12 AMT
Հայկական գինին և կոնյակը՝ Բենիլյուքսի երկրների շուկայում

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։

Հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10.000 շիշ գինի և 12 տեսակի 1.700 շիշ կոնյակ։

Գործարար համաժողովը տեղի է ունեցել 2015-i հունիսի 11-ին, Բրյուսելում։ Համաժողովից հետո բելգիական With Us ընկերությունը դիմել է խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների և կաշվե իրերի տեսականու։

Բելգիական ընկերությունը մտադրություն էր հայտնել կազմակերպելու հայկական գինիների ներմուծումը Բելգիա և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Օրեր անց, հուլիսի 16-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը Եվրոպական Միությունում Հայաստանի առևտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել է բելգիական With Us ընկերության տնօրենի այցը Երևան, գրում է Aravot.am-ը։

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում արտահանման պայմանագրեր են կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» և «Նոյ» ընկերությունների հետ։