22 հունվարի 2007 - 17:49 AMT
Ոստիկանությունը Դինքի սպանության մեջ ծայրահեղ ազգայնամոլական հետք է փնտրում
Թուրքական ոստիկանությունը դիտարկում է «Ագոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության քաղաքական ասպեկտը եւ այս հանցագործության կապը անօրինական ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտնել է Ստամբուլի ոստիկանության ղեկավար Չելալետին Չերան: Հետաքննությանը մոտ աղբյուրները հայտնում են, որ դիտարկում են Հրանտ Դինքի սպանության մեջ խոստովանված 17-ամյա Օգյուն Սամաստի կապի հնարավորությունը Տրապիզոնի ծայրահեղ ազգայնամոլական խմբի հետ: Սամաստը ոստիկանությանը հայտարարել է, որ սպանությունն իրականացնելու նրան դրդել է իր ընկեր Յասին Հայալը, ով մի քանի տարի առաջ դատապարտվել է Տրապիզոնի «Մաքդոնալդս» սրճարանում պայթյուն կազմակերպելու համար: «Յասինն ինձ հրամայեց սպանել Դինքին եւ տվեց զենքը: Եւ ես դա արեցի: Նա ընտրեց ինձ, որովհետեւ ես բոլորից լավ եմ կրակում եւ բոլորից արագ եմ վազում»,- ասել է Սամաստը: Նշենք, որ Օգյուն Սամաստը եղել է տասը դեռահասներից մեկը, ում Հայալը հաղորդել է իր ազգայնամոլական հայացքները, եւ բացի այդ, անցյալ տարի սովորեցրել է զենք օգտագործել, որպեսզի սպանեն Հրանտ Դինքին: Օգյունի մայր Հավվա Սամաստը վստահ է, որ իր որդին պարզապես զենք է եղել օտարների ձեռքում:

Նշենք, որ ոստիկանությունը կապ է մշակում Դինքի եւ 2006 թվականի փետրվարին 16-ամյա պատանու կողմից իտալացի կաթոլիկ հոգեւորականի սպանությունների միջեւ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: