27 փետրվարի 2016 - 12:15 AMT
Շարմազանով. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ:

Կողմերը կարևորել են երկուստեք քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունը և շփումներն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում` բարձրաստիճան փոխայցերի, երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաև տարբեր հանձնաժողովների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման միջոցով:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել արցախյան հիմնահարցին կրոնական երանգ հաղորդելու ադրբեջանական կողմի փորձերը: Էդելգարդ Բուլմանը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ` կարևորելով ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիան մեծապես կարևորելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում: Իսկ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ Գերմանիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը առաջիկայում կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի: Էդելգարդ Բուլմանը նշել է, որ նախօրեին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի շուրջ քննարկումները դրական ազդակ էին Ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում պետք է քննարկվեր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը քննարկվել է փետրվարի 25-ին և հերթական անգամ հետաձգվել` Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի պատճառով:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գերմանացի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը:

2015-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մասին: