27 փետրվարի 2016 - 17:14 AMT
Հաագայում ցուցարարները պահանջել են դատապարտել սումգայիթյան ջարդերը

Փետրվարի 26-ին Հաագայի «Հետ Պլեյն» հրապարակից մեկնարկել են սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այսդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հոլանդահայ գործակցող կազմակերպությունները, որոնց թվում են հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը և ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչև օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաև զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները:

Ոգեկոչելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջներին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած զանգվածային կոտորածների անմեղ զոհերի հիշատակը, ցուցարարները, «Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով, քայլերթով շարժվել են դեպի Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանություն:

Դեսպանության դիմաց կայացած ցույցի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտել են ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ու իրականացվող հակահայկական քաղաքականությունը, կոչ արեցին ադրբեջանական երիտասարդությանը ոտքի կանգնել՝ փոխելու Ադրբեջանի ռազմամոլ պահվածքը, և պահանջեցին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հանդեպ շարունակվող ագրեսիան:

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից:

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։

Առկա տեղեկու թյունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ջարդերի զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն մի այն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից:

Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր: Սումգայիթից փրկված հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը:

Կարդացեք նաև՝ Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցն է

Հայ համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության դիմաց