ՀՀ տնտեսական աճը 2015-ի ընթացքում կազմել է 3%՝ պետբյուջեում ամրագրված 4.1%-ի փոխարեն:
Ըստ ՀՀ ԱՎԾ նախնական տվյալների՝ ՀՆԱ-ի ծավալը 2015-ին կազմել է 5,047 տրիլիոն դրամ: 2014-ին ՀՆԱ-ի ծավալը կազմել է մոտ 4.843 տրիլիոն դրամ:
2015-ը երրորդ անընդմեջ տարին էր, երբ Հայաստանին չի հաջողվել հասնել պետբյուջեով նախատեսված աճի ցուցանիշին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսին վերահաստատել է իշխանությունների մտադրությունը՝ ապահովել 4.1% տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ն բոլոր ոլորտներում ունի աճ, միակ անկումը ապրանքաշրջանառության մեջ է, որը կապված է ՌԴ-ի տնտեսության անկման հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել էր Հայաստանի տնտեսական աճի հեռանկարը և 2015-ի համար կանխատեսում էր 0% աճ՝ ապրիլին 1% կանխատեսված անկման փոխարեն, իսկ 2016-ի համար կանխատեսում է 1% աճ՝ նախորդ 0%-ի փոխարեն:Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը 2015-ը կփակվեր ընդամենը 0.9% տնտեսական աճով, իսկ ԵՏՄ-ն ՝ 2.4% անկումով:
Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանում կանխատեսում էր 2.5% տնտեսական աճ, 2016-ին՝ 2.2%, իսկ 2017 և 2018-ին համապատասխանաբար 2.8 և 3% աճ:
Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2015-ին նախատեսված էր 4,1% չափով, գնաճը` 4% (±1,5%): 2016-ի պետբյուջեում ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2,2%: Ըստ ՀԲ կանխատեսման, 2016-ին ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 2,2%: ՄԱԿ-ը Հայաստանում 2016-ին 2,5% տնտեսական աճ է կանխատեսել: Bloomberg-ը ՀՀ-ում 2.5% տնտեսական աճ է կանխատեսում 2016-ին: Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծաբանները կանխատեսում են, որ 2016-ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կտատանվի 1,7–2,2 տոկոսի սահմանում, ինչը ցածր է 2015-ին գրանցված ցուցանիշից։
Կարդացեք նաև՝ Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին