1 մարտի 2016 - 00:00 AMT
Հայաստանն ու Շվեյցարիան դյուրացնում են վիզային ռեժիմը

Փետրվարի 29-ին Ժնևում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Դիդիե Բուրկհալտերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման մասին համաձայնագիրը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեյցարական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, որոնց լիցք է հաղորդում բարձր մակարդակով շարունակական երկխոսությունը:

Դիդիե Բուրկհալտերն իր հերթին նշեց, որ Շվեյցարիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Էդվարդ Նալբանդյանը շվեյցարացի իր գործընկերոջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: