23 հունվարի 2007 - 16:00 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են հանդիպումների շարունակության մասին
Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցությունների ընթացքում շարունակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումների շարունակման վերաբերյալ: Երկու երկրների ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը կհաջորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 24-ի այցը տարածաշրջան: