23 հունվարի 2007 - 17:00 AMT
Թուրքիայում գոյություն ունի «պետություն պետության մեջ» հասկացություն
Թուրքիայում գոյություն ունի «պետություն պետության մեջ» հասկացություն, որի վերնախավը կազմված է երկրի քաղաքական, ռազմական եւ գործարար շրջանակների ներկայացուիցչներից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այդ մարդկանց անուններն անհայտ են, սակայն նրանք որոշումներ կայացնելու հնարավորություն եւ դրանք իրագործելու մեխանզիմներ ունեն: «Այս մարդկանց միավորում է քեմալական հանրապետության հիմքերի անձեռնմխելիությունը պահպանելու ձգտումը, որը հիմնված է ոչ միայն պետության եւ կրոնի բաժանման սկզբունքի վրա, այլեւ թուրքական մեծ տերության ազգայնամոլական պետական գաղափարախոսության վրա: Թուրք գիտնականները չեն բացառում, որ «խորքային պետությունը» որոշ չափով ղեկավարում է «գորշ գայլերի» շարժումը»,- նշել է նա:

Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրել է, որ «խորքային պետության» երեւույթը Թուրքիայի համար նոր չէ, այս ավանդույթը գալիս է դեռ երիտ թուրքերի ժամանակաշրջանից: «Օսմանյան կայսրությունը 1908-1918 թթ. փաստորեն ղեկավարվում էր Երիտթուրքական կուսակցության ԿԿ-ի կողմից, որոնց անդամների անունները գաղտնի էին պահվում: Ամբողջ ասվածը հանգեցնում է մտքի, որ Դինքի սպանությունը անհրաժեշտ է դիտարկել այն հանցագործությունների շարքում, որոնք ոչ միայն կազդեն Թուրքիայի հասարակական մթնոլորտի վրա, այլեւ կօգտագործվեն տարբեր քաղաքական ուժերի կողմից իրենց սեփական շահերի իրականացման համար»,- ընդգծել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ