2 մարտի 2016 - 16:57 AMT
Ռուսական Polymetal-ը կգնի Կապանի ոսկու հանքավայրը կանադական ընկերությունից

Ռուսական Polymetal PLC ընկերությունը մարտի 2-ին հայտարարել է Կապանի ոսկու հանքը գնելու վերաբերյալ կանադական Dundee Precious Metals Inc-ի հետ գործարք կնքելու մասին:

Ինչպես հայտնում է Alliance News-ը, Polymetal-ը $25 մլն կվճարի գործարքի համար, որից $10 միլիոնը` դրամական միջոցներով և 15 միլիոնը դոլար` ընկերության նոր բաժնետոմսերով: Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ի երկրորդ եռամսյակում:

«Մենք կարծում ենք, որ Polymetal-ը կարող է Կապանը ցածր շահութաբերություն ունեցող ակտիվից վերածել մեծ արտադրությամբ շահութաբեր տարածաշրջանային ձեռնարկության»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը:

2014-ի դեկտեմբերի դրությամբ հանքավայրի ռեսուրսները գնահատվում են 15,9 մլն տոննա հանքաքար, որը պարունակում է մոտ 1,4 մլն ունցիա ոսկի, 24 մլն ունցիա արծաթ, 80 հազար տոննա պղինձ և 270 հազար տոննա ցինկ: 2015-ին հանքավայրում արդյունահանվել և մշակվել է 410 և 411 հազար տոննա հանքաքար համապատասխանաբար: Նույն տարում վաճառքը կազմել է 21 հազար ունցիա ոսկի, հազար տոննա պղինձ, 5 հազար տոննա ցինկ և 0,4 միլիոն ունցիա արծաթ: Այդ ընթացքում ձեռնարկության զուտ հասույթը կազմել է 35 միլիոն դոլար, EBITDA-ն՝ 5 միլիոն դոլար, իսկ դրամային ծախսերը, չհաշված զուգորդող նյութերը` 709 դոլար իրացված ոսկու մեկ ունցիայի համար: