3 մարտի 2016 - 14:45 AMT
Վիրահայության և հայ եկեղեցու խնդիրները՝ ԵԽ զեկույցում

Վերջին տարիներին Վրաստանում ազգային, կրոնական, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների դեմ ատելություն սերմանող հայտարարությունների և բռնությունների թիվը աճել է: Այդ մասին հայտարարում են Եվրոպայի խորհրդի կազմում գործող Այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի մասնագետները երեքշաբթի օրը հրապարակված ծավալուն զեկույցում:

Զեկույցը, որն ամփոփում է 2010-15-ին Վրաստանում տեղի ունեցած զարգացումները, բավական մանրամասնորեն անդրադառնում է վիրահայության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին առնչվող մի շարք միջադեպերին:

«2014-ի հուլիսին Թբիլիսիում մարդկանց մի խումբ հարձակում գործեց հայ հոգևորականի վրա և պոկեց նրա վզից կախված խաչը: Միջադեպը տեղի էր ունեցել մեքենայի կայանման շուրջ վեճի պատճառով: Վկաները, սակայն, պնդում էին, որ հարձակվողները հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս», - նշում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով․ «Ոստիկանությունը հետաքննեց միջադեպը առանց տեղի ունեցածի կրոնական դրդապատճառները դիտարկելու»:

Ըստ Եվրոպայի խորհրդի մասնագետների, կրոնական փոքրամասնությունները Վրաստանում շատ հաճախ դիտարկվում են որպես վրացական հասարակության միասնությունը, գոյատևման կարողությունը վտանգող երևույթներ: «Դա նախևառաջ վերաբերում է կրոնական այն փոքրամասնություններին, որոնք առնչություն ունեն հարևան պետությունների հետ փոխկապակցված ազգային խմբերին: Աջարիայի սունի մահմեդականները ընկալվում են որպես Թուրքիայի, շիաները` Ադրբեջանի, իսկ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները՝ որպես Հայաստանի հետ կապեր ունեցող խմբեր»:

Փաստաթղթում չի շրջանցվում նաև Վրաստանի տարածքում գտնվող վիճելի եկեղեցիների հարցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Քրիստոնեական մեկ եկեղեցու փաստացի մենաշնորհը կառուցողական կրոնական բազմակարծության ավանդույթի ի հայտ գալուն չի նպաստել: Դա աչքի է զարնում հատկապես կրոնական շինությունների` նախկին սեփականատերերին վերադարձի մինչ օրս չլուծված խնդրին առնչվելիս: Ի դեպ, այդ շինություններից շատերը այժմ Վրաց ուղղափառ եկեղեցու տնօրինության ներքո են: Հայ Առաքելական եկեղեցին, օրինակ, թվով վեց եկեղեցու վերադարձն է պահանջում», - նշված է զեկույցում:

Եվրոպայի խորհրդի փորձագետներին հաջողվել է այս առթիվ ստանալ նաև Վրաստանի կառավարության պաշտոնական մեկնաբանությունը, այդ համատեքստում քննարկման առարկա դարձնելով նաև Հայ Առաքելական եկեղեցու` Վրաստանում ունեցած իրավական կարգավիճակի հարցը:

«Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը եկեղեցիների վերադարձի խնդրում որևէ նշանակություն չունի: Խնդիրը շատ ավելի նուրբ և համալիր բնույթ ունի: Պետությունը զերծ է մնում տարբեր կրոնական խմբերի հարաբերություններին միջամտելուց և գերադասում է չեզոքություն պահպանել: Բացի այդ, Վրաստանի կրոնի հարցերի գործակալությունը որևէ ապացույց կամ տեղեկատվություն չունի առ այն, որ վիճահարույց շինություններից որևէ մեկը պատմականորեն պատկանել է Հայ Առաքելական եկեղեցուն», - նշված է Վրաստանի կառավարության` Եվրոպայի խորհուրդ ուղարկած պաշտոնական պարզաբանման մեջ:

Համայն Վրաստանի պատրիարքը 2014-ի սեպտեմբերի 25-ին հանդիպել է երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հնդիպմանը ներկա են եղել, մասնավորապես, Վրաստանի հայերի միության և պատրիարքարանին կից գործող Միջկրոնական հարաբերությունների խորհրդի անդամները:

«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում: Միջազգային հարաբերությունները շատ են բարդացել: Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեության օազիսներ են մահմեդական աշխարհում: Հիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում: Նա վերցրեց ատլասն ու նայում էր, թե աշխարհագրորեն որտեղ են գտնվում Վրաստանն ու Հայաստանը: Հետո ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը շատ բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ դրանք քրիստոնեության օազիսներ են: Ուստի մենք պետք է հատկապես ուշադիր լինենք միմյանց նկատմամբ: Հաճախ են դեպքերը, երբ մեր ժողովրդների այս կամ այն ներկայացուցիչը, լինի դա վրացի կամ հայ, հայտարարություններ է անում, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,- ասել է պատրիարքը: