3 մարտի 2016 - 16:35 AMT
Ռուս փորձագետ. Միանալով «Պաշտպանական համակարգերին»` ՀՀ-ն կարդիականացնի ՀՕՊ համակարգերը

Հայաստանը կարող է միանալ ՌԴ և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» ֆինանսա-արդյունաբերական խմբին` Երևանը հակաօդային պաշտպանության համակարգերը թարմացնելու կարիք ունի: Այդ մասին հայտարարել է ռազմական մեկնաբան Իգոր Կորոտչենկոն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Բելառուսի հետ միասին ստեղծած «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ Հայաստանին ընդունելու համար ՀՀ հետ բանակցելու կառավարության առաջարկը:

«Պաշտպանական համակարգերը» զբաղվում են C-125-2М-ի արդիականացմամբ, այսինքն հակաօդային պաշտպանության հին խորհրդային համակարգերը նոր կյանք են ստանում, ավելանում են թիրախների հայտնաբերման և խոցման դրանց հնարավարությունները: Այսպիսով, իրականացվում է ՌԴ և Բելառուսի ռազմարդյունաբերության կլաստերների փոխշահավետ ինտեգրում: Ակնհայտ է, որ միանալով այս համակարգին, Հայաստանը կկարողանա նվազագույն միջոցներով իրականացնել ՀՕՊ խորհրդային համակարգերի «ափգրեյդ»»,-ասել է Sputnik ռադիոկայանի եթերում ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ակնհայտ է, որ Երևանը հակաօդային պաշտպանության համակարգերը թարմացնելու կարիք ունի:

«Քանի որ սպառնալիքները օդատիեզերական տարածքում սաստկանում են, հաշվի առնելով լարված իրավիճակն Անդրկովկասում, Թուրքիայի ոչ ադեկվատ պահվածքը` ակնհայտ է, որ Հայաստանը հակաօդային պաշտպանության համակարգերն արդիականացնելու կարիք ունի»,-գտնում է փորձագետը:

Կորոտչենկոն նշել է, որ դա չպետք է անդրադառնա ՀՀ հարաբերությունների վրա ԵՄ հետ:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եվրոպան կարող է գոռգռալ, դժգոհություն հայտնել, բայց դա չի առնչվում ՌԴ և ՀՀ ռազմատեխնիկական գործակցությանը: Դրանք միանգամայն տարբեր բաներ են, փոխկապակցված չեն: Հայաստանի համար սկզբունքային հարց է ազգային պաշտպանության ապահովումը և ԵՄ-ն դրա հետ ոչ մի կապ չունի»,-ասել է փորձագետը:

«Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է դեռ 1996 -ին գլխամասային կոնստրուկտորական բյուրոների խմբի, գիտահետազոտական ինստիտուտների և սերիական ձեռնարկությունների՝ առարկայական ՀՕՊ համակարգերի և միջոցների նախագծողների և պատրաստողների նախաձեռնությամբ: Զուգահեռաբար աշխատում է նաև համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիմքի վրա: