24 հունվարի 2007 - 19:14 AMT
Ղարաբաղ ԵՄ առաքելության գործուղման համար հարկավոր է միայն ԼՂՀ իշխանությունների թույլտվությունը
Լեռնային Ղարաբաղ առաքելություն իրականացնելու համար` հատկապես հակամարտության կողմերի միջեւ վստահության ձեւավորմանն ուղղված, բացի Լեռնային Ղարաբաղի իշխանություններից, որեւէ մեկի թույլտվության կարիքը չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, Երեւանն ուշադրությամբ հետեւել է վրաց-աբխազական ու վրաց-օսական հակամարտությունների կարգավորման գործընթացների ակտիվացման ուղղությամբ ԵՄ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության տնօրեն Հ. Մինգարելիի գլխավորած պատվիրակության վերջին նախաձեռնություններին: «ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ մշակվելիք համատեղ նախագծերը կնպաստեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի խոսքերով, ԵՄ-ն պատրաստ է առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, եթե Բաքուն համապատասխան թույլտվություն տա: