9 մարտի 2016 - 10:13 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել և հետ շպրտվել` կորուստներ տալով

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են: Մարտի 7-ին և 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են համարժեք գործողությունների:

Բացի վերոնշյալ ապակառուցողական քայլերից, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները մարտի 8-ին տեղեկատվություն էին տարածել, թե իբր Չայլու գյուղի ուղղությամբ հայկական ուժերը կրակ են բացել հովիվների ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ նշվածը ապատեղեկատվություն է և, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական ուժերը երբեք քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն վարում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 5-ին և 6-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 7500 կրակոց: