9 մարտի 2016 - 10:56 AMT
ԵԽ զեկույց. ՀՀ-ում ամեն 100.000 բնակչի հաշվով կալանավորների թիվն ավելի բարձր է, քան Եվրոպայում

2016-ի մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հրապարակել է 2014-ի եվրոպական երկրների բանտերում տիրող իրավիճակի մասին զեկույցը։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռը տարեցտարի ավելանում է։

2014-ի Հայաստանում կալանավորների 4,8%-ը եղել են կանայք: Եվրոպայում դատապարտվածների ընդհանուր թվի 5%-ն են կազմում կանայք, գրում է Aravot.am-ը:

Զեկույցի տվյալների համաձայն՝ 2014-ի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն էր կրում 3.979 դատապարտյալ։ Այս ցուցանիշը բարձր է եվրոպական միջինից. եթե Եվրոպայում ամեն 100.000 բնակչի հաշվով կա 124 կալանավոր, ապա Հայաստանում այդ թիվը 131.9 է։ Համեմատության համար բերվում է 2005-ի ցուցանիշը. այդ տարի Հայաստանում 100.000 բնակչի հաշվով կար ընդամենը 87 բանտարկյալ։

2014թ. Հայաստանում կալանավորների 46.7% դատապարտված է եղել 5-10 տարվա ազատազրկման։

Զեկույցում նշվում է նաև, որ 2013թ. Հայաստանի Քրեակատարողական վարչության (ՔԿՎ) տարեկան բյուջեն եղել է 13.5 միլիոն եվրո, յուրաքանչյուր կալանավորի վրա օրական ծախսվել է միջինը 9.3 եվրո, որը 5 անգամ պակաս է եվրոպական երկրների միջին ցուցանիշից։