10 մարտի 2016 - 10:28 AMT
ԼՂՀ ՊՆ. Բաքուն սրում է իրադրությունն առաջնագծում և ապատեղեկատվություն տարածում

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է միտումնավոր սրել իրադրությունն առաջնային գծում, այլև ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակ են բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ և նույնիսկ «վտանգ են տեսնում ոչխարների հոտի մեջ»:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարների հոտին, ապա սա առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում, ինչի վերաբերյալ համացանցում կան համապատասխան ձայնագրություններ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են: Մարտի 7-ին և 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց: