ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում հավանության է արժանացրել ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրումը ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախագիծը:
Խոսքը ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20% ավելացված արժեքի հարկ գանձելու մասին է: ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին:
Այսիպիսով, Կառավարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Ըստ հիմնավորման՝ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:
Նախագծերով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:
Նշվել է նաև, որ նմանատիպ առաջարկով արդեն իսկ հանդես է եկել Կառավարությունը:
ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին:
ԵՏՄ-ի հետ ՀՀ վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար:
Կարդացեք նաև՝ Ֆիննախ. ԵՏՄ-ից մեքենա ներմուծող ֆիզանձանց հարկերից ազատելն «անհավասար պայմաններ կստեղծի»
Ֆինանսների փոխնախարար. ՌԴ-ից ներմուծվող մեքենաներից կշարունակենք ԱԱՀ գանձել