10 մարտի 2016 - 18:00 AMT
Թուրքիայի հետախուզությունը փորձում էր Դինքին սպանողների անցյալում հայկական ծագում գտնել

Պոլսահայ հայտնի լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայում հայերեն և թուրքերն հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել:

«Ակոս»-ի տեղեկության համաձայն՝ գործին կից մի փաստաթղթից պարզ է դարձել, որ սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի հետախուզական մարմիններն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Դինքի սպանության մեջ մեղադրվող անձիք հայկական ծագում ունեն, գրում է Ermenihaber.am-ը:

2007-ի հունվարի 23 (հանցագործությունից 5 օր անց) ամսաթվով թվագրված և միայն 2015-ի հոկտեմբերին գործին կցված տեղեկանքը վկայում է այն մասին, որ սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթի և պատվիրատու Յասին Հայալի ծագման վերաբերյալ պետական արխիվներում հետընթաց ուսումնասիրություն է կատարվել՝ ընդհուպ մինչև 1900-ականների սկիզբ: Արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ անձանց տոհմում «հավատափոխ եղած» կամ «ոչ մուսուլման» որևէ մեկը չի եղել:

«Ակոսը» նկատում է, որ այս ուսումնասիրությունը մի շարք կարևոր, սակայն անպատասխան հարցեր է առաջացնում:

Մասնավորապես.

1. Արդյո՞ք թուրքական պետական հետախուզական մարմինները յուրաքանչյուր հանցագործության դեպքում ուսումնասիրում են հանցագործի ծագումնաբանությունը, թե դա անում են միայն այն դեպքում, երբ հանցագործության թիրախում հայերն են լինում:

2. Վերոնշյալ տեղեկանքը վկայում է, որ պետությունն ունի յուրաքանչյուր քաղաքացու տոհմածառի մի քանի սերունդների վերաբերյալ համապարփակ տվյալների բազա: Այդ տեղեկությունները ուրիշ որտե՞ղ և ի՞նչ նպատակներով են օգտագործվում:

3. Նախորդ շաբաթ քաղաքացիական կացության ակտերով զբաղվող գլխավոր վարչությունը հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունների դպրոցներում հաշվի առնվող «ազգային կոդը» արդեն ամբողջությամբ հանվել է պետական համակարգից: Մինչդեռ վերոնշյալ տեղեկանքին ծանոթանալուց հետո մի՞թե հնարավոր է լրջորեն հավատալ, թե այն ամբողջովին կչեղարկվի:

4. Եվ, թերևս, ամենակարևորը. ի՞նչ նպատակով է իրականցվել մեղադրյալների տոհմի ուսումնասիրությունը: Արդյո՞ք այն դեպքում, եթե պարզվեր, որ հանցագործները ևս հայ են, պետությունը Դինքի սպանությունը վերագրելու էր հայկական սփյուռքին:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար թե երբևէ հնարավոր լինի ստանալ:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս` 9 տարի անց: Լրագրողի սպանության գործով դատարանի առջև կկանգնեն ոստիկանության, հետախուզության և ժանդարմերիայի նախկին պաշտոնյաներ: