10 մարտի 2016 - 23:13 AMT
ԶԼՄ. ՌԴ-ում մերժվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ու Բարձրագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության եղելության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին:

Այդ մասին է հայտնում Rusarminfo գործակալությունը՝ հղում անելով նախագծի համահեղինակ, ՌԴ Դումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևի օգնականին:

Պետդումայի խորհուրդը հետ է ուղարկել օրինագիծն այն կապակցությամբ, որ խախտվել է կառավարության ու Բարձրագույն դատարանի կողմից այն քննելու ժամկետը: Կառավարության պատասխանը եկել է փետրվարի 9-ին, իսկ Դումայինը՝ փետրվարի 8-ին:

Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր Ռուսաստանի Պետական դումայում 2015 թցականի նոյեմբերի 25-ին, Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացման հաջորդ օրը: ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևը PAN-ի հետ զրույցում, մեկնաբանելով մտավախությունները, որ օրինագիծն այս կամ այն պատճառով կարող է չհաստատվել կամ միտումնավոր «չընդունվել», հայտարարել էր, թե «ավելի բարենպաստ պայմանների սպասելու դեպքում, գուցե, ստիպված լինեինք սպասել մեկ այլ «կլոր» տարելիցի»:

ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: