12 մարտի 2016 - 12:17 AMT
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի խնամակալ է նշանակվել նրա մայրը

Թուրքական դատարանը որոշել է դեմենցիա հիվանդությամբ տառապող Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի խնամակալ նշանակել նրա մորը, որի պատճառով կրկին ի հայտ են եկել պատրիարքի հնարավոր հետնորդի մասին վաղեմի վեճերը, հայտնում է Daily Sabah-ը:

Քանի դեռ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը գործող փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորությամբ պնդում է, որ Մութաֆյանը մնա առաջնորդ, հայ համայնքի որոշ ականավոր դեմքեր բազմիցս հայտարարել են նոր պատրիարքի ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին:

Կոստանդնուպոլսի գործող պատրիարք Մեսրոբ Մութաֆյանն անգործունակ է 2008 թ. ի վեր, երբ նրա մոտ ախտորոշվեց դեմենցիա: Հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ հայց էին ներկայացրել պատրիարքի համար հոգաբարձու նշանակելու պահանջով: Մինչդեռ հայ համայնքի հայտնի գործիչ Թաթևոս Բեբեկը, որը հայցվորներից մեկն է, պնդում էր, որ դատարանը որոշում կայացնի նոր պատրիարք ընտրելու մասին, եթե դատարանը պատրիարքին պաշտոնապես անգործունակ ճանաչի: Մարտի 9-ին Ստամբուլի դատարանը պատրիարքի 78-ամյա մորը` Մարի Մութաֆյանին, նրա խնամակալ նշանակեց: Նա իրավունք կունենա ներկայացնելու որդու շահերը դատարանում:

Աթեշյանը, որը նախկինում խոստացել էր, որ ընտրություններն անցկացվելու են 2014-ին, թեև եպիսկոպոսներն այդպես էլ փոխհամաձայնության չեկան այդ հարցում, ձգտում էր նրան, որ դատարանը մերժի հայցը: Նա կարող է բողոքարկել դատարանի որոշումը:

Ըստ թուրքական օրենքների, երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ստեղծված իրավիճակում Աթեշյանը փաստացի պատրիարքի փոխանորդն է, սակայն նման պաշտոն եկեղեցական հիերարխիայում չկա: Նման վիճակը բազում խնդիրներ է առաջացնում: Համայնքի հայտնի անդամները դիմել էին Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրությունը, սակայն նրանց մերժեցին՝ պատճառաբանելով, որ պատրիարքը ողջ է, և նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն նրա մահից հետո: Համայնքում բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե պետք է նոր պատրիարքի ընտրել, թե Մութաֆյանը կշարունակի պատրիարք մնալ եկեղեցու ու համայնքի նորընտիր ղեկավարի հետ միաժամանակ:

Մեսրոբ Մութաֆյանը՝ Կոստանդնուպոլսի 84-րդ պատրիարքն է, ղեկավարում է համայնք ու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը 1998 թվականից, Գարեգին Երկրորդ Ղազանչյանի մահից հետո: 2008-ից, երբ ի հայտ եկավ Մութաֆյանի հիվանդությունը, ղեկավարությունը փաստացի անցավ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Աթեշյանի օգտին քվեարկեց պատրիարքարանի կրոնական խորհրդի (Սինոդի) 26 անդամներից 25-ը: Ստամբուլի հայ համայնքը հասնում է 60 հազարի: