Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Մեկ աշխարհ» 18-րդ միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում ներկայացված է հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմը:
Ընդհանուր առմամբ, Չեխիայի փառատոնում 62 երկրից 123 հեղինակային ֆիլմ է ներկայացված, գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Գաբրիելյանի ֆիլմը Պրահայում ցուցադրվել է մարտի 11-ին, 13-ին, ներկայացվելու է նաև մարտի 15-ին:
Չեխական հայտնի փառատոնը մեկնարկել է մարտի 7-ին, կշարունակվի մինչև մարտի 16-ը:
«Տներ առանց դռների» ֆիլմը Ֆիլմը պատմում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքի մասին: Ւնտանիքը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր տեսախցիկով նկարահանել է շրջանի ավերածությունները, դժվարություններին դիմադրող բնակչությանը և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:
Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմն 2016-ի հունվարին ներկայացվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում, լայն արձագանք գտել ու բարձր գնահատվել միջազգային տարբեր շրջանակների կողմից: Օտարալեզու մամուլը ևս անդրադարձել է սիրիահայ բեմադրիչի ֆիլմին:
Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985-ին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա:
Գաբրիելյանն իր ընկերների հետ բացել է Հալեպում առաջին հանրային կինոակումբը: Նա մասնակցել է «Ոսկե Ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնին: Ռեժիսորը փառատոնին ներկայացրել է իր «Եվս երկու քայլ» ֆիլմը, որը նվիրված է լեգենդար հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: