14 մարտի 2016 - 17:05 AMT
ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրմանը խանգարում են գրոհողների միջև տարաձայնությունները

Իրաքյան Մոսուլը մինչ օրս ազատագրված չէ «Իսլամական պետության» գրոհայիններից, քանի որ գրոհի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունները, ինչպես նաև այն վեճերի պատճառով, թե ով ինչ է ստանալու քաղաքի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչ Ասո Թալաբանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մոսուլի ազատագրման մասին արդեն մեկ տարի է, ինչ խոսում են, բայց հաջողությունները շատ համեստ են: Բանն այն չէ, որ ուժերը չեն բավականացնում: Հարցն այն, է, որ գործողությանը միայն Իրաքը չէ, որ մասնակցում է: Մասնակցում են իրաքյան քրդերը, ամերիկացիները, Իրանը, Թուրքիան: Հավանաբար, նրանք դեռ չեն պայմանավորվել, թե ով և ինչպես է գործելու այդ ազատագրման ժամանակ»,-համարում է Թալաբանին:

Ըստ նրա, կողմերը նաև որոշում են, «թե ով որ շրջաններն է վերահսկելու Մոսուլում ազատագրումից հետո»: «Որքան էլ տարօրինակ լինի, այդ մասին ավելի բարդ է պայմանավորվել, քան ազատագրել Մոսուլը: Բուն գործողությունն այդքան բարդ չի լինի»,-գտնում է նա: Մասնավորապես, Թալաբանին նշել է, որ պարզ չէ, թե որն է լինելու Թուրքիայի դերը Մոսուլի ազատագրման գործում: «Սակայն Թուրքիան ակնհայտորեն պատրաստվում է ինչ-որ դեր ստանձնել: Թուրքական բանակի ներխուժումն իրաքյան Քրդստան 2014-ի դեկտեմբերին կապված է Մոսուլի ազատագրման գործողության հետ: Հավանաբար, դրանից հետո Թուրքիան մտադիր է ինչ-որ տարածք զավթել: Անշուշտ, Իրաքը դա չի ուզում»,-հավելել է իրաքյան Քրդստանի ներկայացուցիչը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Մոսուլի զավթումից ի վեր ԻՊ գրոհայիններն ավելի քան 800 կին են սպանել: «Իսլամական պետության» գրոհայիններն առնվազն 80 մարդ են գնդակահարել իրաքյան Մոսուլի արվարձանում` ներառյալ իրավակարգի աշխատակիցների: Մարտի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերակը հայտարարեց իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: