16 մարտի 2016 - 10:56 AMT
Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը կտեղադրվի Կիպրոսում

Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային գործակցության շրջանակում` մարտի 16-ին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը:

Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրի նախագահները:

Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը:

Խաչքարի տեղադրման առաջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության խնդրանքով:

Խաչքարը թվագրվում է 1598-ով, գույնը՝ բաց կարմրավուն: Ջուղայի խաչքարերը 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի պատկերագրական, ոճական ու իմաստաբանական առումով խիստ եզակի երևույթ էին:

Տեղադրվող կրկնօրինակի հեղինակն անվանի վարպետ, խաչքարագործության մշակույթի յուրահատուկ դպրոցի հիմնադիրներից` Ռուբեն Նալբանդյանն է:

2010-ին «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» Հայաստանի Հանրապետության հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: