Թուրքիան խախտում է հարևան Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Անշուշտ, սարսափելի է, երբ մարդու իրավունքները խախտվում են ներքին հակամարտությունների ժամանակ: Բայց ոչ պակաս լուրջ են այն դեպքերը, երբ տեղի է ունենում այլ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,-ասել է Սերգեյ Լավրովը:
«Ցավոք, այս առումով Թուրքիան ևս իր դերակատարությունն ունի: Մենք գիտենք, թե ինչպես են գործում թուրքական զինված ուժերն Իրաքի տարածքում, ինչ է կատարվում, երբ թուրքական տարածքից հրետակոծվում են Սիրիայի քրդական աշխարհազորի դիրքերը»,-ասել է ԱԳ նախարարը:
«Իրաքի, այդ երկրի ներքին գործերին Թուրքիայի միջամտության վերաբերյալ հատուկ որոշում է կայացրել Արաբական պետությունների լիգան»,-հիշեցրել է Լավրովը:
Թուրքիայի գործողությունները խարխլում են Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը` ներառյալ հրադադարն ու հումանիտար օգնության առաքումը, ասել է Լավրովը:
«Կարծում եմ, որ դա պահանջում է միջազգային հանրության կոշտ և հստակ արձագանքը: Որովհետև, ըստ էության, Թուրքիայի գործողությունները խարխլում են բոլոր այն ջանքերը, որոնք ձեռնարկվում են, այդ թվում ՄԱԿ ԱԽ հավանությամբ` և հրադադարի, և հումանիտար բեռների առաքման, և քաղաքական գործընթաց սկսելու հարցերով»,-ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Սիրիայում գործող ահաբեկիչներին: Ավելի ուշ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հալեպի մատույցներում` և «Ջեբհաթ ան Նուսրան», և «Ջեյշ այլ Իսլամը», և «Ահրար աշ Շամը», և առանձին ավելի չափավոր խմբավորումները, բոլորը մատակարարվում են նույն երթուղով, նույն կետից Թուրքիայի տարածքում:
Ընթերցեք նաև. Թուրքիան շարունակում է զենք մատակարարել ահաբեկիչներին Սիրիայում