30 հունվարի 2007 - 16:58 AMT
Հ. Դինքի սպանությունը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության հարցը հանված չէ օրակարգից
Հրանտ Դինքի սպանությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգից հանված չէ: Այդ մասին «Al Jazeera» հեռուստաընկերության անգլերեն խմբագրությունը տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը հարցականի եւ քննարկումների ենթակա չէ եւ ապացուցված է մեծաքանակ փաստագրական նյութերով, այդ թվում` թուրք պատմաբանների վկայություններով:

«Ցեղասպանության լինել չլինելը քննարկելու փոխարեն պետք է քննարկել այն ճանաչելու եւ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու խնդիրը: Չէ որ, հենց թուրքական հատուկ դատարաններն են 1919-20թթ. Ցեղասպանության կազմակերպիչների մի մասին դատապարտել մահվան կամ այլ պատիժների, սակայն այդ փաստն այսօր մոռացության են մատնում»,- ասել է Գաբրիելյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը ԵՄ անդամ չէ եւ որպես այդպիսին, չի կարող պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմաններ առաջադրել ԵՄ-ին Թուրքիայւի անդամակցության համար: «Սակայն կոպենհագենյան չափանիշները անդամ երկրներից պահանջում են բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, նրանց հետ առկա խնդիրների լուծում եւ իրենց երկրներում բնակվող փոքրամասնությունների իրավիճակի բարելավում, իսկ այս ամենը ենթադրում է նաեւ Ցեղասպանության հարցի ճանաչում: ԵՄ անդամ մի շարք պետություններ նույնպես բարձրացրել են այս հարցը, եւ Հայաստանը ԵՄ-ից այս հարցում ակնկալում է սկզբունքային դիրքորոշում,- ընդգծել է հայ դիվանագետը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: