Նորվեգացի մարդասպան Անդերս Բրեյվիկը մեղադրում է կառավարությանն իր իրավունքները ոտնահարելու համար: Համապատասխան հայտարարությամբ է նա հանդես եկել իր գործով ընթացող դատական գործերից մեկի նիստի ժամանակ:
Նրա խոսքով, իրեն փորձում են սպանել բանտում: Որպես ապացույց, Բրեյվիկը հայտարարել է, որ դատապարտվելուց ի վեր նա խուզարկվել է մոտ 800 անգամ, ինչը խախտում է իր իրավունքները:
«Առավել սարսափելին մեկուսացումն է. ես մենակ եմ օրական 24 ժամ», - հայտարարել է նա, հավելելով, որ բանտի աշխատակիցները ստուգում են իր բոլոր նամակներն ու գրքեր չեն տալիս:
Ի թիվս այլ երևույթների, նա բողոքեց խաղային կոնսոլը խլելուց ու միկրոալիքային վառարանի վատ որակից: Ավելի վաղ մարդասպանը բողոքում էր պատուհանի վատ տեսարանից ու բանտում սառը սուրճից:
Անդերս Բրեյվիկն 2011 թվականի հուլիսի 22-ին կազմակերպեց պայթյուն Օսլոյի մարդաշատ վայրերից մեկում, ինչից հետո գնդակահարեց Ուտոյա կղզում պատանեկական ճամբարի մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, իր գործողությունների հետևանքով սպանվեց 77 մարդ: Նա դատապարտված է 22 տարվա ազատազրկման ու կրում է պատիժն Իլա բանտում, որը շատերն աշխարհի ամենահարմարավետ բանտն են համարում:
Այնտեղ, ի թիվս այլ հարմարավետությունների, կան սպորտային դահլիճներ, կանաչ տարածություններ, իսկ բանտի աշխատակիցները զենք չեն կրում: Բրեյվիկի գործած ոճիրի ու բանտային պայմանների անհամապատասխանության մասին վեճերը չեն դադարում իր դատավճռից ի վեր: