ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Դրանք պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
Արարատի մարզ
Արարատի տարածաշրջան - նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում թույլ կամ մասնակի վնասվածություն է
Արտաշատի տարածաշրջան – մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն է
Մասիսի տարածաշրջան – մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:
Արմավիրի մարզ
Էջմիածնի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում): Արմավիրի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն:
Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:
Վայոց ձորի մարզ
Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:
Վայքի տարածաշրջան– հիմնականում վնասներ չեն գրանցվել:
Սյունիքի մարզ
Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:
Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել:
Նշվում է, որ ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:
Հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում սպասվում էր -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
Երևանում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ:
Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ