19 մարտի 2016 - 10:52 AMT
ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը

ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: «Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում»,-ասվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին աևված կոչին՝ Սբ Զատկին և Նովրուզ Բայրամին զերծ մնալ շփման գծում լարվածության աճի հանգեցնող քայլերից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

«Նովրուզ բայրամին և Սբ Զատկին ընդառաջ ես կոչ եմ անում երկու կողմերին խստորեն պահպանել հրդադարի ռեժմն ու ձեռնպահ մնալ գործողություններից շփման գծում կամ սահմանին, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել»,-ասվում է Կասպրշիկի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում: Բացի այդ, Կասպրշիկը հայտնել է, որ դիտարկման ժամանակ տեղեկություններ է ստանում ընթացիկ իրավիճակի մասին երկու կողմերից: