ԱՄՆ-ը հաստատել է, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր օդուժի մեծ մասը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռիդերը:
Նա հավելել է, որ անցած շաբաթվա ընթացքում ռուսական օդուժը Սիրիայի հյուսիսային շրջաններին ավիահարվածներ չի հասցրել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռիդերի հայտարարությունը ամերիկյան կողմից առաջին պաշտոնական հաստատումն է, որ օդուժը Սիրիայից դուրս բերելու մասին Ռուսաստանի նախագահի մարտի 14-ի կարգադրությունը կյանքի է կոչվում:
Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է մի քանի ժամում համալրեր իր զորախումբը Սիրիայում:
2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ:
Կարդացեք նաև՝ Սիրիայում ՌԴ մոտ 1000 զինծառայող կմնա