21 մարտի 2016 - 10:15 AMT
ԼՂՀ ՊՆ. Չնայած իրավիճակը չսրելու պայմանավորվածությանը, շփման գծում լարված է եղել

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին` մարտի 19-ին և 20-ին, ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց:

Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

ԼՂՀ ՊՆ-ն ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը` միաժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն: