21 մարտի 2016 - 16:11 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում պահպանել հրադադարը շփման գծում

ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) տարածած հայտարարությունում «վերահաստատել են իրենց հաստատուն հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման հարցում», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար խիստ անհրաժեշտ է, որ կողմերը ձեռնարկեն բոլոր միջոցները՝ բռնություններից խուսափելու համար, մասնավորապես, այնպիսի բռնություններից, որոնք ազդում են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ապրող խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի կոչին, ով հորդորել էր կողմերին Նովրուզ Բայրամի և Սուրբ Զատիկի տոներին խստորեն պահպանել հրադադարը: Մենք կոչ ենք անում կողմերին ստեղծել պայմաններ, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները կարողանան նշել այդ տոները խաղաղ պայմաններում»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները, ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի հետ կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ կարգավորման տարրերի, բռնությունները նվազեցնելու քայլերի և մարդկային շփումները խրախուսող ծրագրերի շուրջ, նաև ասված է հայտարարության մեջ:

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին` մարտի 19-ին և 20-ին, ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն:

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

ԼՂՀ ՊՆ-ն ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը` միաժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն: