Սաուդյան Արաբիան պատրաստ է նավթի արդյունահանումը սահմանափակող համաձայնագիր ստորագրել, նույնիսկ եթե Իրանը հրաժարվի: Այդ մասին հայտարարել է ՕՊԵԿ երկրներից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը Financial Times-ին: «Երկրներից շատերը համաձայն են սառեցման, wւրեմն ինչու կախված լինենք Իրանից»,-ասել է զրուցակիցը, հայտնում է ՌԲԿ-ն:
Նավթ արտահանող երկրները հանդիպման էին պատրաստվում մարտի 20-ին Ռուսաստանում: Փետրվարի 16-ին Դոհայում ՌԴ, Քաթարի, Վենեսուելայի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնությանը միանալու մասին էին հայտարարել Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը և ԱՄԷ-ն:
Կասկածի տակ է Իրանի մասնակցությունը, քանի որ Թեհրանն, ըստ նավթի նախարար Բիժան Զանգանեի, մտադիր է նավթի սառեցման հարցը քննարկել միայն այն ժամանակ, երբ արդյունահանման մակարդակն օրական հասնի 4 մլն բարելի, իսկ մինչ այդ բանակցություններն այդ թեմայի շուրջ բացառվում են:
Ըստ FT տվյալների, Պարսից ծոցի երկրներից արտահանողների մոտ կասկածներ են առաջացել` թե արդյոք Իրանը կարող է կտրուկ ավելացնել արդյունահանումը, ուստի, համարում են, որ նավթի գները կարելի է սառեցնել նաև առանց Իրանի մասնակցության:
Նշվում է, որ Ռուսաստանն «այժմ առաջատարի դեր է» ստանձնել բանակցություններում:
Ըստ պարբերականի աղբյուրի, արդյունահանման սառեցումը հունվարի մակարդակով առավել հնարավոր է, սակայն հավանական են նաև այլ տարբերակներ: «Կտեսնենք, թե ով ինչով կզբաղվի հունվարին, փետրվարին և մարտին և, այն ժամանակ, հնարավոր է, հասնենք այն թվերին, որոնք ավելի մեծ վստահություն կառաջացնեն շուկայում»,-ասել է նա: FT-ն նշում է, որ ապրիլի 17-ին Դոհայում նախատեսված է արտահանողների մեծ հանդիպում, որտեղ կքննարկվի արդյունահանման կրճատման հարցը: Նախնական պայմանավորվածությունը հունվարի մակարդակի վրա նավթի արդյունահանումը սառեցնելու մասին ձեռք էր բերվել փետրվարին:
Մարտին Քաթարի էներգետիկայի նախարար Մոհամմեդ Սալեխ ալ Սադան ասել էր, որ մոտ 15 նավթ արտահանող, որոնց բաժին է ընկնում աշխահում նավթի արդյունահանման երկու երրորդը, կողմ է արդյունահանման սառեցմանը: ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Աբդալլա էլ Բադրին մարտի 21-ին Վիեննայում ունեցած մամուլի ասուլիսում ենթադրել է, որ Իրանն ապագայում, գուցե, միանա համաձայնագրին:
Ընթերցեք նաև. Իրանը հայտարարել է, թե որ դեպքում կսառեցնի նավթի արդյունահանումը