23 մարտի 2016 - 10:17 AMT
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ և ականանետ

Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին` մարտի 19-ին և 20-ին, ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց:

Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն: