Բելգիայի ոստիկանությունը պարզել է երկու ենթադրյալ ահաբեկիչների ինքնությունը, որոնք մարտի 22-ին կրկնակի ահաբեկչություն են գործել Բրյուսելի օդանավակայանում: Ռումբերը պայթեցրած մահապարտները եղբայրներ են, որոնք հետախուզման մեջ էին:
Ինչպես հայտնել է RTBF հեռուստաալիքին աղբյուրն իրավապահ մարմիններում, ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկչությունը Բրյուսելի օդանավակայանում կատարել են Հալիդ և Բրահիմ Էլ Բաքրաուիները, որոնք Բրյուսելի բնակիչներ են, հայտնում է ՌԲԿ-ն:
Ինչպես նախօրեին հայտնել է L’Internaute պարբերականը, ոստիկանությունը դիտարկել է եղբայրների մեղսակցության վարկածն օդանավակայանում հարձակման գործով: Նրանք գտնվում էին հետախուզման մեջ հանցավոր խմբավորման հետ կապերի կասկածանքով:
Ենթադրյալ մահապարտ ահաբեկիչների լուսանկարները ոստիկանությունը հրապարակել էր նախօրեին: Նրանք հայտնվել էին Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկների տեսադաշտում: Նրանց հետ է եղել նաև ահաբեկչությունների երրորդ ենթադրյալ մասնակիցը, որն, ինչպես հայտնել է ոստիկանությունը, պայթյուններից առաջ փախել է օդանավակայանից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյուններին, հնարավոր է, առնչություն ունեն Բելառուսի քաղաքացիներ՝ Իվան և Ալեքսեյ Դովբաշները Գոմելի շրջանից և Մարատ Յունուսովն, ով ծնվել է Դաղստանում սակայն բելառուսական անձնագիր ունի:
Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:
Ընթերցեք նաև. ԱՄՆ-ն զգուշացրել է մոտ ապագայում Եվրոպայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին