Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ է գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը: Մարտի 22-ին Ղրղզստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է ղրղզա-ուզբեկական սահմանի չսահմանազատված հատվածում ստեղծված իրավիճակը Ջալալաբադի շրջանում:
Որոշում է կայացվել առաջիկա օրերին շարունակել խորհրդակցությունները: Միաժամանակ իրավճակը քննարկվում է ՀԱՊԿ ԱԳՆԽ անդամների միջև հեռախոսազրույցների ձևաչափով` կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ, հայտնում է Sputnik-ը:
Կատարված աշխատանքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունը կհայտնի լրացուցիչ:
Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել է ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվեց մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: Ուզբեկները նաև անցակետ են տեղադրել Քերբեն-Ալա Բուկա հատվածում: Ի պատասխան Ղրղզստանը ուժեղացրեց իր ներկայությունը սահմանին:
Ղրղզական կողմը պնդում է, որ Ուզբեկստանը դուրս բերի զրահատեխնիկան և զինծառայողներին վիճելի տարածքից: Ուզբեկստանի պետական սահմանի պաշտպանության կոմիտեն պնդում է, որ «ամբողջ նշված տեխնիկան գտնվում է Ուզբեկստանի տարածքում, իսկ պետական սահմանի հատվածների պաշտպանությունն իրականացվում է ըստ երկկողմ պայմանավորվածությունների, առանց մտնելու չնկարագրված հատվածներ»:
Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, գործում է միայն մեկ անցակետ` «Ղըզըլ Կիյ», որը նախատեսված է ուզբեկական Սոխ և Շահիմարդին անկլավների բնակիչների համար: ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման: