23 մարտի 2016 - 14:10 AMT
Մայիսի 9-ին Երևանը կմիանա «Անմահ գումարտակ» ակցիային

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անունները հավերժացնելու նպատակով Մայիսի 9-ին Ռուսաստանի և աշխարհի մի շարք քաղաքներում անցկացվող «Անմահ գումարտակ» ակցիային 2016-ին կմիանա նաև Երևանը:

Հաղթանակի օրը` Մայիսի 9-ին Ռուսաստանում անցկացվող «Անմահ գումարտակ» ակցիային 2016-ին կմիանան աշխարհի 26 երկրի 1000 քաղաքի բնակիչներ: Քաղաքացիական նախաձեռնությունն աջակցություն է ստացել Հայաստանում, Աբխազիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Քաթարում, Կորեայում, Լիբանանում, Մոնղոլիայում, Նորվեգիայում, Մերձդնեստրում և Մոլդովայում, Ադրբեջանում, Բելառուսում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, ասվում է նախաձեռնության պաշտոնական կայքում:

«Հաղթանակի օրը տոնական է ոչ միայն ռուսաստանցիների համար: 2016-ի մայիսի 9-ին «Անմահ գումարտակը» երթի դուրս կգա արդեն աշխարհի 26 երկրում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:

«Անմահ գումարտակ» ակցիան անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի մարտիկների ու հրամանատարների մոռացված անունները հավերժացնելու նպատակով: Ռուսաստանում «Անմահ գումարտակ» ակցիան կանցկացվի արդեն 5-րդ անգամ: Ակցիայի մասնակիցները դուրս են գալիս երթի Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց բարեկամների, հարազատների դիմանկարներով:

ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից 600 000-ը մեկնել է ռազմաճակատ, որից 314 հազարը` զոհվել: