Ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Թուրքիային վաճառվող բնական գազի ծավալները նկատելիորեն նվազել են:
2016-ի սկզբից մինչ օրս Ռուսաստանից Թուրքիա արտահանված գազի ծավալը կրճատվել է 7.5%-ով՝ կազմելով 2.6 մլրդ խմ: Այս ցուցանիշը ամենացածրն է վերջին 3 տարվա ընթացքում, Ahaber.com.tr-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ռուսական բնական գազի արտահանմամբ զբաղվող «Բուլգարտրանսգազ» ընկերության տվյալներին հղում կատարող աղբյուրն ընդգծում է, որ մասնավորապես փետրվարի 1-ից մինչև մարտի 19 գազի արտահանումը Թուրքիա նվազել է 19%-ով:
Նշվում է, որ գազի վաճառքի ծավալների նման անկումը պայմանանավորված է հատկապես Թուրքիայի բարենպաստ կլիմայական պայմաններով: Որոշակի ազդեցություն են ունեցել նաև «Գազպրոմի» և թուրքական «Բոթաշ» պետական ընկերության ու ևս 6 մասնավոր ընկերության միջև գնի վերաբերյալ ծագած անհամաձայնությունները:
Նշյալ ընկերությունները 2013-ի Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրի շրջանակում տարեկան 10 մլրդ խմ բնական գազ էին արտահանում Թուրքիա: Սակայն այն բանից հետո, երբ տարեսկզբին Ռուսաստանը չեղյալ հայտարարեց գազի գնի համար սահմանված 10.25 տոկոսանոց զեղչը, արտահանող ընկերությունները հրաժարվեցին գործակցությունից:
Թուրքական ընկերությունները փորձում են ռուսական բնական գազի բացը լրացնել հեղուկացված գազով: Իսկ Անկարայի իշխանությունները պատվիրել են «Բոթաշ» ընկերությանը՝ Բուլղարիայի և Ուկրաինայի տարածքով Եվրոպայից բնական գազի ներմուծումն ապահովող միջնորդ - մատակարար փնտրել: