24 մարտի 2016 - 16:14 AMT
ԱՄՆ թուրքական 150 կազմակերպություն միավորվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ

ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորվել է «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե» (Turkish American National Steering Committee - TASC), որն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Sabah» թերթի կայքի հաղորդմամբ` TASC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց նպատակն է ԱՄՆ հասարակությանն իրազեկել և ցույց տալ «պատմական ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նշվում է նաև, որ կոմիտեի նպատակներից է նպաստել ԱՄՆ-ի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում թուրք հանրության ներգրավվածության բարձրացմանը, ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում Թուրքիայի ռազմավարական կարևորության գիտակցմանը և ամերիկյան հասարակությունում Թուրքիայի մասին դրական ընկալումների ձևավորմանը:

Կոմիտեի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գյունայ Օվունչը. Դերյա Թաշքինը, Մուրաթ Գյուզելը և այլք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքական պատմական ընկերակցությունը (TTK) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ հայտարարել է հայկական պահանջներն ու պնդումները հերքելու համար հոդվածներ, տվյալներ և աշխատանքներ հավաքելու գործընթաց սկսելու մասին: Թուրքական պատմական ընկերակցությունը պետական կառույց է, որը ստեղծվել է 1931 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, մշտապես ունեցել է ակտիվ կապեր տեղի ազգայնականների հետ ակտիվորեն զբաղվել երկրի պատմության խեղաթյուրմամբ:

Ընթերցեք նաև. Թուրքական լոբբին ակտիվանում է Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ