24 մարտի 2016 - 13:46 AMT
Զեկույց. Հայաստանը Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է

Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը երրորդ տարին անընդմեջ մնում են աշխարհի երեք ամենառազմականացված երկրները:

Նման հետևություններ է կարելի անել Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի Global Military Index զեկույցների հայտնած տվյալներից:

Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:

Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Ադրբեջանը, որը գլոբալ ռեյթինգում 2015-ի վերջի դրությամբ գտնվում է 8-րդ հորիզոնականում:

2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012 թվականներին՝ չորրորդը, 2013-ից ի վեր Հայաստանը գտնվում է ամենառազմականացված երկրների երրորդ հորիզոնականում: Իսրայելը և Սինգապուրն ամենառազմականացված երկրներն են աշխարհում 2007 թվականից ի վեր:

Կարդացեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

Drone Wars. Ինչ անօդաչու սարքեր են կիրառվում ղարաբաղյան հակամարտության գոտում